Folk dance ensemble "Shirak" of Gyumri - Yeri, yeri (Armenian folk song)
Описание
Գյումրիի հարսանեկան «Երի, երի» կատակային պարերգն է, որի մի տարբերակը տարածված է Կարնո և այնտեղից Ջավախք գաղթած բնակչության շրջանում։ Հոլովակը նկարահանված է Գյումրիի Քաղաքային կենցաղի և ժողովրդական ճարտարապետության թանգարանի (Ձիթողցոնց տան) բակում։ Կատարում է Գյումրիի Սևյանի անվան մշակույթի պալատի «Շիրակ» անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Աղասի Շաբոյան, պարուսույցներ՝ Արշակ Հովսոյան, Համլետ Հակոբյան)՝ Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի երգչախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Լաուրա Աղաջանյան): Մենակատարներ՝ Անահիտ Հովհաննիսյան, Լևոն Հակոբյան։
Գյումրի-Ալեքսանդրապոլի բնակիչները հաճախ են խնջույքի մեկնել դեպի Ախուրյան գետի ափը։ Եվ ահա, երիտասարդ տղան ու աղջիկը պատմում են, որ նման մի խնջույքի ժամանակ փոխադարձ սիրով է վառվել իրենց սրտերը։ Սակայն նրանք չեն շտապում միմյանց խոստովանել այդ մասին, այլ մեկը մյուսի հանդեպ սիրով լցված լինելն արտահայտում են միմյանց թունդ ծաղրելով։
Աղջիկը, դիմելով տղային, մյուս երիտասարդների ներկայությամբ հեգնում է, թե նա էլ գիտի տղա է, որին ինքը ուշադրություն կդարձներ, չէ" որ ընդամենը իր հոր դռան մշակն է։ Այս խոսքին հետևում է ներկաների քրքիջը։ Բայց տղան էլ խոսքի տակ չի մնում, այլ հայտնմում է, որ նա էլ մի հիանալի աղջիկ չէ, այլ ընդամենը թոնրի վառելիք․ թոնրի կրակը սովորաբար վառում էին աթարով, ահա՛, թե ինչի հետ է համեմատում նա աղջկան, որին հետևում է է՛լ ավելի թունդ քրքիջը։
Աղջիկը այս ընթացքում շփոթվում է և ձեռքերը կոտրատելով մտածում, թե է՞լ ինչպես ծաղրի տղային և հաջորդ խոսքում ծառի հովին նստած տղային զգուշացնում է, թե հանկարծ քամին նրա խոպոպը չքշի տանը։ Այստեղ ակնարկում է, թե տղան ճաղատ է, որը, հավանաբար, ծածկում է երկարացրած մազերով։ Իսկ տղան պատասխանում է, թե որքան էլ այդպես խոսի, միևնույնն է, բոլորը տեսնում են, որ նրա քիթ ու մռութը կախ է։
Այսպես իրար ծաղրելուց հետո նրանք ժամադրվում են իրենցից մեկի այգում, որտեղ միմյանց առջև կբացեն իրենց սրտերը։
Երգի խոսքերը՝
Արփաչայի քյանարը,
Երի, երի, յանդըմ, օյ, օյ,
Վառավ սըրտիս ֆանարը,
Յանդըմ շեկո յար։
Խընձոր կըծի, ֆըռֆըռա,
Երի, երի, յանդըմ, օյ, օյ,
Թուշըդ պագեմ, ֆռֆռա,
Յանդըմ շեկո յար։
աղջիկ․
Դուն էլ գիտես՝ տըղա ես,
Երի, երի, յանդըմ, օյ, օյ,
Հորըս դըռան մըշակն ես,
Յանդըմ շեկո յար։
տղա․
Դուն էլ գիտես՝ աղջիկ ես,
Երի, երի, յանդըմ, օյ, օյ,
Թընդըրի վառելիք ես,
Յանդըմ շեկո յար։
աղջիկ․
Ծառի տակը հով քամի,
Երի, երի, յանդըմ, օյ, օյ,
Քամին քյանքյուլըդ տանի,
Յանդըմ շեկո յար։
տղա․
Կայնել ես ախա-վախա,
Երի, երի, յանդըմ, օյ, օյ,
Քիթ ու մըռութըդ կախ ա,
Յանդըմ շեկո յար։
միասին․
Արի գընանք մեր բաղչեն,
Երի, երի, յանդըմ, օյ, օյ,
Բանանք մեր սըրտի բողչեն,
Յանդըմ շեկո յար։
Рекомендуемые видео




















